ՍԻԼՈՒԱ ԿԱՊՈՒՏԻԿԵԱՆ - Խօսք իմ որդուն

Այս գարնան հետ, այս ծաղկունքի, Այս թռչնակի, այս առուակի, Հետն այս երգի ու զարթօնքի Բացուեց լեզո՜ւն իմ մանկիկի: Ու թոթովեց բառ մի անգին ՀԱՅԿեան լեզուից մեր սրբազան, Ասես մասունք հաղորդութեան Դիպաւ մանկանս շրթունքին... - Լսի'ր, որդի՛ս, պատգամ որպէս Սիրող քո մոր խօ՜սքը սրտանց, Այսօրուանից յանձնում եմ քեզ ՀԱՅՈՑ լեզո՜ւն հազարագանձ: Կտրել է նա, հանց աստղալոյս, Երկինքները ժամանակի, Շառաչել է խռովայոյզ Սլացքի հետ ՀԱՅԿեան նետի, Ու ՄԵՍՐՈՊի սուրբ հանճարով Դարձել է գիր ու մագաղաթ, Դարձել է յո՜յս, դարձել դրօ՜շ, Պահել երթը մեր անաղարտ... Նրանո'վ է մրմրնջացել ՀԱՅ պանդուխտը վէրքն իր սրտի, Նրանո'վ է որորտացել Կռուի երգն իմ ժողովրդի, Նրանո'վ է մայրս ջահել Ինձ օրօրոց դրել մի օր, Հիմայ եկել, քե՜զ է հասել Նրա կարկաչը դարաւոր... Բա'ց շուրթերդ, խօսի՜ր, անգի'ն, Ժիր դայլայլի՜ր, ի'մ սիրասուն, Թող մանկանա'յ քո շուրթերին Մեր ալեհե՜ր ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ... Պահի'ր նրան բարձր ու վճիտ, ԱՐԱՐԱՏի սուրբ ձիւնի պէս, Պահի'ր նրան սրտիդ մօտիկ, Քո ՊԱՊԵՐի աճիւնի պես, Ու ոսոխի զարկիցը սեւ Դու պաշտպանի'ր կրծքով նրան, Ինչպէս մօ՜րդ կը պաշտպանես, Թէ սո'ւր քաշեն մօրդ վրան, Ու տե'ս, որդիս, ո'ւր էլ լինես, Այս լուսնի տակ ո՜ւր էլ գնաս, Թէ մօ'րդ անգամ մտքիցդ հանես, Քո մա՜յր լեզուն չմոռանա'ս: