Չեմ բացառում, որ գերիները ինձ չներեն. Փաշինյան

Sputnik Արմենիայի լրագրողը ասուլիսին հիշեցրեց, որ հանդիպումներից մեկից հետո Շառլ Միշելը խոստացել էր, որ սահմանը անցած, ավելի ճիշտ ասած` առևանգված զինծառայողները կվերադարձվեն, ինչու այդ հարցը չի լուծվել, և ինչո՞ւ է անտեսվում մնացած` պաշտոնապես հաստատված 3 տասնյակից ավելի գերիների հարցը։ «Ադրբեջանը փորձ է անում գերիներին օգտագործել որպես քաղաքական սակարկության գործիք ՀՀ–ի վրա ճնշում գործադրելու համար»,–ասաց վարչապետը։ Թղթակիցը հիշեցրեց, որ ՀՀ–ն ևս ուներ նման գործիք` ականապատ տարածքների քարտեզները, որոնք հանձնեց, արդյոք սխա՞լ չէր։ «Սխալ որոշում չեմ համարում, որովհետև եթե տարածաշրջանում ուզում ենք խաղաղություն, պիտի այդպես վարվեինք։ Եվ դա չի նշանակում, որ եթե այդ քարտեզները չտայինք, գերիներ չէին լինի։ Մենք այդ քայլը արել ենք, որպես մարդասիրական, որտեղ դրսևորվում է մեր անկեղծությունը»,–ասաց Փաշինյանը։